National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.05.2015
ԱԺ նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակությունը Կանադայում հանդիպումներ են ունեցել
1 / 4

Խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 26-ին հանդիպել է Կանադայի Սենատի նախագահ Լեո Հուսակոսի հետ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար: Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ 1992 թվականից ի վեր, երբ Կանադայի եւ Հայաստանի միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, երկու երկրների իշխանությունները տարեցտարի զարգացրել են բարեկամական հարաբերությունները: Գալուստ Սահակյանի համոզմամբ` այժմ եկել է խորհրդարանական համագործակցության նոր փուլի ուրվագծման ու իրագործման ժամանակը:

ԱԺ նախագահը Լեո Հուսակոսին ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնությունը, որով մեկնարկել է ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման խորհրդարանական հանձնախմբեր ստեղծելու գործընթացը: Գալուստ Սահակյանը նշել է, որ շուտով, երբ Հայաստանի խորհրդարանն ամբողջությամբ ավարտի այդ գործընթացը, հատուկ առաջարկով դիմելու է աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին, որպեսզի նրանք էլ ստեղծեն համանուն հանձնախմբեր:

Գալուստ Սահակյանը Լեո Հուսակոսին ներկայացրել է նաեւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող որոշ մանրամասներ: Նա ցավով նշել է, որ Ադրբեջանի կողմից գրեթե ամեն օր խախտվում է հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով երկու կողմերը հաճախ ունենում են մարդկային կորուստներ: Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի` Արցախյան հիմնախնդրին խաղաղ ճանապարհով լուծում տալու դիրքորոշումը:
Գալուստ Սահակյանը գոհունակությամբ փաստել է, որ Կանադան հավասարակշռված մոտեցում ունի Լեռնային Ղարաբաղի հարցում:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին՝ ԱԺ նախագահը նշել է. «Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը չպետք է դիտարկվեն քաղաքական հարցերի շրջանակում: Ժամանակն է, որ այդօրինակ հարցերում ոչ թե քաղաքականությունն ազդի քաղաքակրթության վրա, այլ ճիշտ հակառակը, քաղաքակրթությունը՝ քաղաքականության վրա»:
Կանադայի Սենատի նախագահ Լեո Հուսակոսը շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյանին հրավերն ընդունելու եւ Կանադա այցելելու համար: Հանդիպման ընթացքում պատվիրակությունը շրջել է Սենատում եւ ծանոթացել Սենատի գործունեության ընթացակարգերին:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արտակ Զաքարյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Լյովա Խաչատրյանը եւ Աղվան Վարդանյանը, հանդիպումներ է ունեցել նաեւ Կանադայի ազգային պաշտպանության եւ մշակութային բազմազանության նախարար Ջեյսոն Քեննիի հետ, ով Կանադայում հայտնի է Հայոց ցեղասպանությունն աշխարհում ճանաչելու եւ դատապարտելու գործում իր ունեցած ավանդով: Պատվիրակությունը հանդիպել է նաեւ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:

Հայկական պատվիրակության պատվին Կանադայի Սենատի նախագահի կողմից տրվել է պաշտոնական ճաշ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am